13 10 2022

Տեսագրություն` ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի ներմուծման և ՌԴ տեղափոխման վերաբերյալ



Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված մամուլի որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք Գու Ար Ջի Գրուպ ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։

 Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական BALTEX CAPITAL S.A. կազմակերպությունից ուղարկված Գու Ար Ջի Գրուպ  ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR): 2022  թ-ի  սեպտեմբերի 27-ին, ժամը 14:53-ին տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։

 Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարգրով Գու Ար Ջի Գրուպ ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, Ալյանս տերմինալ ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից Border Cross համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան ելքագրված նշումը: Տրանսպորտային միջոցը Ալյանս տերմինալ ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ-ի սեպտեմբերի 28-ին, ժամը 09:43-ին Ալյանս տերմինալ ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է ավարտված կարգավիճակ: Այնուհետև, իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ-ի սեպտեմբերի 29-ին, ժամը 16:12-ին հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, Ալյանս տերմինալ ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։

 Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին  մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում: 

 Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինությանը, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը Ալյանս տերմինալ ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին ժամը 10:24-ին նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը  Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար Գու Ար Ջի Գրուպ  ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական Лидер ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։

Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է դեղին ուղի միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։

 Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարգիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 16:16-ին: 

 Պետք է նշել, որ Ալյանս տերմինալ ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտն այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: 

 Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է ելք մաքսային մարմնից կարգավիճակ: 

 Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում ավարտված կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։

Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: 
Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ